ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ
Գարուն Ամսագիր - Աւստրալիա ..... : : : : : : : : ..... Australia - Garoon Monthly

ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՀԱՅ
ԻՐ ԱՊԱԳԱՆ ՊԷՏՔ Է ԿԱՊԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային նորընտիր ժողովի պատգամաւոր,
"Սահմանադրական Իրաւունք" Միութեան կուսակցութեան նախագահ
Հրանտ Խաչատրեանի հետ
"Գարունի" խմբագիր Վարդան Մկրտչեանի
համացանցային հարցազրոյցը
_ _ _ _ _

     Այսօր "Գարուն " ամսագրի հիւրն է Հրանտ Խաչատրեանը։
     Պարոն Խաչատրեանը ծնւել է 1951 թւին Հայաստանում։
     Ունի բարձրագոյն մասնագիտական կրթութիւն։ Աւարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը "Ռադիոտեխնիկա" մասնագիտութիւնով։
     1988 թւի Յունիսին Ղարաբաղեան շարժման իր համախոհների հետ հիմնադրել է Երեւանի 26 կոմիսարների շրջանի Սահմանադրական խումբը։
     1989 թւականի Ապրիլից Սահմանադրական խմբի հիմքի վրայ կազմաւորւած Հայաստանի «Սահմանադրական Իրաւունք Միութեան (ՍԻՄ) նախագահն է։ Որպէս ՍԻՄ-ի նախագահ՝ մասնակցել է բազմաթիւ տեղական եւ միջազգային համաժողովների, ընդգրկւել է միջկուսակցական ընդդիմադիր դաշինքների խորհուրդների կազմում։
     1990-1995 թւականներին ընտրւել է Հայաստանի Գերագոյն խորհրդի պատգամաւոր։ Աշխատել է Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի Անկախ պետականութեան և ազգային քաղաքականութեան հարցերի մշտական յանձնաժողովում՝ որպէս քարտուղար։ ՀՀ Գերագոյն խորհրդի կողմից ընտրւել է Անկախ պետութիւնների համագործակցութեան Միջ-խորհրդարանական համաժողովի անդամ, ընդգրկւել է Համաժողովի սոցիալական հարցերի և մարդու իրաւունքների յանձնաժողովի կազմում։
     1999 թւականին, Խորհրդարանական ընտրութիւններին «Իրաւունք և միաբանութիւն» դաշինքի կազմում ընտրւել է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի Պատգամաւոր։ Եղել է Ազգային Ժողովի Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի յանձնաժողովի անդամ։
     2003 թւականին, Խորհրդարանական ընտրութիւններին, «Արդարութիւն» դաշինքի կազմում ընտրւել է Հայաստանի Հանրապետութեան Ազգայն Ժողովի Պատգամաւոր։
     Ամուսնացած է, ունի երկու որդի։
     Հրանտ Խաչատրեանը միշտ եղել է աշխարհասփիւռ հայ ժողովրդի միաւորման ջատագովը։
     Այս թեմային է նւիրւած մեր խմբագիր Վարդան Մկրտչեանի համացանցային հարցազրոյցր։

     ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉԵԱՆ (Վ.Մ.) - Մեծարգոյ Պարոն Խաչաւորեան, թոյլ տւէք Ձեզ ողջունել Աւստրալիայի համայնքի «Գարուն» ամսագրի խմբագրութիւնում, շնորհաւորել Հայաստանի Հանրապետութեւսն Ազգային Ժողովի պատգամաւոր վերընտրւելու կապակցութեամբ և խնդրել պատմել Սահմանադրական Իրաւունք կուսակցութեան և "Իրաւունք" թերթի մասին։

     ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐԵԱՆ ( Հ.Խ.) - Արդեն երրորդ անգամ եմ Պատգամաւոր ընտրւելու կապակցութեամբ շնորհաւորանք ստանում եւ ցաւոք և երեք անգամ էլ փոքրամասնութեան մէջ յայտնւելու եւ իմ կառուցողական ներուժը ընդդիմադիր գործունէութեան վրայ ծախսելու յստակ գիտակցութեամբ։
     Ես ոչ միայն շնորհակալ, այլեւ երախտապարտ եմ բոլոր ազնիվ մարդկանց, ովքեր աշխարհի եւ հայութեան համար դժւարագոյն պայմաններում իրենց սկզբունքները չեն փոխում նեղ անձնական կամ խմբակային անցողիկ շահերի հետ։ Չէ՞ որ մեր կուսակցութեան ընտրախաւը մեզանից ոչ պաշտօնի ակնկալիք ունի, ոչ դրամի ու հարստութեան եւ ոչ էլ ապօրինի արտօնութիւնների։ Այն, ինչ մենք պատրաստաստւում ենք անել յաղթեու դեպքում՝ երկրում օրինականութիւն հաստատել, տարիներ շարունակ անհնարին է համարւում։ Եւ այսպիսի պարագաներում մարդկանց մի ստւար բազմութիւն մեզ հետեւողականօրէն սատարում է. աջակցում, ձայն է տալիս, վստահ լինելով, որ դա իր ձայնն է, որը կարող ենք ուժեղացնել եւ հասցնել պետական բարձր ամբիոններ, միջազգային ասպարէզ։ Եւ այդ ամէնը զրկանքների, զոհողոթիւնների, իրենց նկատմամբ կիրառւող հետապնդումների ու հալածանքների գնով։
     Իմ Համախոհներին, ինձ աջակցողներին, անկախ իւրաքանչիւրի կարողութիւնից ու կարգավիճակից, ես դիտում եմ որպէս ուս-ուսի տւած միասին պայքարողների։ Ազգային խնդիրներում դասակարգումը շարքայինների և առաջնորդների միայն կառուցւածքային - կազմակերպական իմաստ, կարող է ունենալ, հակառակ դեպքում կունենանք այն, ինչ այսօր ունենք։
     Սահմանադրական Իրաւունք միութիւնը ղարաբղեան շարժման ծնունդ է։ Սկզբում, 1988-ի Յունիսին դա հիմնականում տեխնիկական կրթութեամբ մարդկանց մի խումբ էր ( Երեւանի 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խումբը), որի յաւակնութիւնը ղարաբաղեան շարժման մեջ գաղափարական - ինտելլեկտուալ առաջաւոր ջոկատ լինելն էր։ Մենք առաջիններից մէկը, շարժման «ներսից» ահազանգեցինք շարժման կողմից թոյլ տւած շեղումների, խեղաթիւրումների եւ այլասերումների մասին։ Դա կանխորոշեց մեր նկատմամբ միւսների վերաբերմունքը (ե՛ւ, դրական ե՛ւ բացասական առումներով), բայց հասարակութեան իներցիաների պատճառով ողջ հասարակութիւնը մեր հարցադրումներին անդրադառնում է ,երբ արդեն բանը-բանից անցած է լինում։
     Եւ այսօր Հայաստանում ստեղծւած է մի համակարգ, որը բոլոր ասպարէզներից դուրս է մղում խելացի, ազնիւ եւ համարձակ մարդկանց։ Սաեղծւած է մի վիճակ, երբ իրավիճակին տիրապետող մարդիկ, կարծելով, թե ամէն ինչ ճիշտ եւ շահաւէտ են անում, ոչ միայն իրենց ակտիվ գործունէութեամբ նոր հիմնախնդիրներ են եռաջացնում հայ հասարակութեան համար, այլեւ իրենք անձամբ են յայտնւում անհաւատալի ծանր դրութեան մեջ։
     Եւ թւում է, թէ դա անվերջ է ...
     «Իրաւունք» թերթի լոյս աշխարհ գալը հանրայայտ «ինչի՞ց սկսել» հարցի պատասխանն էր (1989 թուական)։ Դրանից յետոյ «Իրաւունքի» մասին շատ խօսելը աւելորդ է։ Այդ թերթը իր խօսքը ասում է, եւ ով ջշմարիտ խօսքի ծարավ ունի, փնտրում ու գտնում է «Իրաւունք»-ը։ Միայն մի բան կաւելացնեմ՝ «Իրաւունք»-ով զբաղւողները ամէն ինչի հետ միասին նաև հոգի են դնում թերթի մէջ։

     Վ. Մ. - Որո՞նք են աշխարհասփիւռ հայ ժողովրդի միաւորման գաղափարական հիմունքները։

     Հ. Խ. - Հայ լինելը։
     Հայ լինելու պատկերացումների վերաբերեալ վէճերն ու համաձայնութիւնները, բարեկամական կռիւներն ու հաշտութիւնները, պարտութիւններն ու յաղթանակները։ Առաջընթացի պայմանը մէկն է՝ ազգի ներսում մարդիկ ոչ թէ պետք է կռուեն. այլ մրցեն, իսկ մրցակցութեան մէջ յաղթողր պէտք է լինի արդար։ Պէտք է կարողանանք իրականում լինել այնքան արդար, ինչպիսին աշխարհն է մեզ ճանաչել ղարաբաղեան պահանջատիրութեան հարցով։ Ապրողները պէտք է արժանի լինեն ազատամարտում զոհւածների յիշատակին։ Պէտք է թոյլ չտանք, որպեսզի որեւէ մէկը մեր անունից բարոյական արժէքները մանրի դրամով։ Մենք չենք եղել հայ ազգային ինքնութեան հաստատողները, եւ մեզ իրաւոնք չի տրւած լինել դրա գերեզմանափորը։
     Ոչ ոք չի՛ կարող երկրի հզորացման եւ ազգի բարգաւաճման նպատակով թշնամացնել ազգակիցներին, խաբել, կողոպտել, նսեմացնել մարդկանց, եթէ նրանք չեն ուզում ստրուկ լինել։ Ազգը պէտք է ունենայ արգելանքների համակարգ, իսկ դրանք անտեսողը պէտք է բոլոր գրւած եւ չգրւած օրենքներով դատապարտւի։ Դատելու և պատժելու իրաւունք պէտք է ունենայ միայն պետութիւնը՝ օրենքի անունից եւ յանուն Հայաստանի Հանրապետութեան։ Մեր ձախողումների պատճառը ո՛չ ֆինանսա-տնտեսական է, ո՛չ կազմակերպական եւ ո՛չ էլ աշխարհաքաղաքական։ Ուղղակի մեր հայրենակիցներից ոմանք շատ էժան են վաճառում ազգային բարոյականութեան իրենց բաժինը, իսկ մենք բոլորս կամ չենք կարողանում, կամ էլ չենք ցանկանում նրանց ձեռքը բռնել։ Մարդկային բարոյականութեան ազգային տեսակն է այն միջավայրը, որտեղ ազգը կարող է համախմբւել եւ խիզախել։

     Վ. Մ. - Ի՞նչ է անհրաժեշտ, որպէսզի իւրաքանչիւր հայ Հայաստանը ընդունելով իր հայրենիք, չբավարարւի դրամական կամ այլ տիպի օգնութիւնով, այլ կրի պատսւսխանատւութիւն և միեւնոյն ժամանակ զգայ որ Հայաստանի հանրապետութիւնը իր մէջքին կանգնած է։

     Հ. Խ. - Մարդկանց, այդ թւում հայերի մեծ մասը պատասխանատւութիւն զգում, վերցնում եւ կրում են ինքնակամ եւ պատւով։ Հպարտութեամբ պէտք է ասեմ, որ դա մեզ մոտ ստացւում է։ Հայ իրականութեան մեջ չի լուծւում պատասխանատւութեան ենթարկելու հարցը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում անպատժելիութիւնը դարձել է իսկական արհաւիրք։ Պետութեան հիմնական լծակնարը յայւոնւել են այնպիսի մարդկանց ձեռքին, ովքեր հասարականութիւնը բաժանում են իւրայինների և օտարների։
     Իւրայիններին բաժին է հասնում օրինական եւ անօրեն բոլոր արտօնութիւնները, իսկ օտարների նկատմամբ օրէնքը կիրառւում է ամենայն խստութեամբ, յաճախ նաեւ շինծու մեղադրանքներով։
     Սփիւռքահայը նոյնպէս կարող է յայտնւել իւրայինի կամ օտարի կարգավիճակում, կախւած իր հավատամքից։ Խօսքս նոյն բարոյական ջրբաժանի մասին է։ Հայրենիքը չեն ընտրում, ընտրում են բնակավայրը։ Սակայն բնակավայրի ընտրութեան ժամանակ հայրենիքը բնական առաւելութիւն ունի։ Այն փաստը, որ բնակավայրի ընտրութեան ժամանակ միլիոնաւոր հայեր ընտրում են այլ երկրները արդեն նշանակում է, որ հայրենիքում թերութիւնների մակարդակը զգալիօրեն բարձր է համաշխարհային միջինից։ Ես չեմ հաշտւում այն մտքի հետ որ մարդիկ լքում են հայրենիքը յանուն կենցաղային բարեկեցութեան։ Տանելի բարոյա-հոգեբանական մթնոլորտի եւ բաց սահմանների պարագայում այդպես կանեին հեռացողների միայն մէկ տասներորդ մասը։ Միւսները առնւազն կը համատեղէին իրենց օտարաբնակութիւնը հայրենիքի տնտեսական, գիտական, մշակութային, եւ կեանք այլ ոլորւոների զարգացման մասնակցութեամբ։ Չէ՞ որ Հայաստանի տարածքում ամէն հայ կարող է իր հարազատ օջախը ունենալ, իսկ ամէն ձեռներէց հայի դժւար չէ մի քանի բնակարաններ ու գրասենյակներ ունենալ ամէնուր։ Չէ՞ որ հաղորդակցութեան ներկայ միջոցները թոյլ են տալիս աշխարհի ցանկացած ծայրում քեզ գգալ տանը, իսկ մեծ ցանկութէան դէպքում մի քանի ժամից հասնել տուն։
     Չեմ կարծում, որ Հայրենիքի հետ հարազատութեան հարցում սփիւռքահայերի եւ հայրենաբնակների միջև մեծ տարբերութիւն կայ։ Մենք, ապրելով հայրենիքում, շատ յաճախ մեզ օտարւած ենք զգում Հայաստանից։
     Ձեզ տանջում է կարօտը, մեզ՝ հայրենիքի հիւծւած վիճակն ու ամէնօրեայ ջանքերի ապարդիւն լինելը։ Այսօր սփիւռքահայը վճարում է հայրենաբնակի սպառողական զամբիւղի զգալի մասի համար եւ դրանով վաստակած հոգեկան բաւարարութիւն է գգում։ Հայրենաբնակը հոգեկան խանգարում է ստանում իրեն պարտադրած անգործութիւնից եւ ափսոսում , որ, երկիր դրախտավայրի «տէրերր» ո՛չ միայն տէր չեն կանգնում երկրին ու ժողովրրդի մտաւոր կարողութեանը, այլեւ ծաղկանոցներն ու պտղատու այգիները դարձնում են օտարի վարձու արօտավայր։
     Համոզւած եմ, հայ ազգի ներուժը բավարար է, իսկ միջազգային իրավիճակը բարենպաստ դժւարութիւնները յաղթահարելու եւ մեր ազգային երազանքների ճանապարհով առաջ շարժւելու համար։ Աոաջին անգամ չէ, որ հայութիւնը յայտնւում է համաշխարհային բազմաբնոյթ շահերի կիզակետում։ Փաստ է. մնայուն է այն, ինյը պահել ենք սեփական արիւնով ու քրտինքով։ Արիւնն ու քրտինքը խնայելու համար ազգիս ուղեղ է տրւած։ Ապրենք տրամաբանւած, եւ իւրաքանչիւրիս մէջքին կանգնած կը լինի Հայաստանի Հանրապետութիւնը։

     ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉԵԱՆ - Թոյլ տւէք շնորհակալութիւն յայտնել Ձեզ հարցազրոյցի համար և ցանկանալ նոր յաջողութիւններ կեանքում։

     ԺԲ. ՏԱՐԻ, ՀԱՄԱՐ 12, ՅՈԻԼԻՍ 2003

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածներ, հարցազրույցներ,
վերլուծություններ,
այլ նյութեր ինտերնետում


Ինչպես կապվել

Name:   ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Email:   HrantK@FreeNet.am