ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաց նամակ
«Հանուն գիտության զարգացման»
նախաձեռնող խմբին
Հարգելի ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ.
Ներկա էի փետրվարի 25-ի Կինոյի տան ձեր հավաքին։ Դուք ոչ թե ճիշտ, այլ շատ ճիշտ ուղու վրա եք։ Ես մի քանի ամիս առաջ, ՊՆ ներկայացուցչից իմանալով պատրաստվող նախագծի մասին խոստացել էի տապալել այդ մտադրությունը, բայց չէի կարծում, որ դա այդքան հեշտ է լինելու։ Հիմա դուք կանգնել եք ձեր իրավունքները պաշտպանելու համար, իսկ մենք օժանդակողի եւ աջակցողի դերում ենք։ Իրականանում է իմ երազանքներից մեկը ...
Կրկնում եմ Կինոյի տանն արած իմ առաջարկությունը.
Առաջարկում եմ ձեր պահանջներին ավելացնել ԲՈՒՀ-երում ռազմական ամբիոնները վերականգնելու պահանջը։
Թվում էր, թե 1988-ին սկսած ազգային վերելքի եւ դրան հաջորդած հերոսական ազատամարտի պայմաններում պետք է պետականորեն խթանվեին պատանեկության եւ երիտասարդության ռազմա-հայրենական դաստիարակությանն ու պատրաստությանը միտված միջոցառումները։ Իրականում կատարվեց հակառակը։ Պատանիների ու երիտասարդների հետ տարվող աշխատանքը կազմալուծվեց, վերացված պիոներական եւ կոմերիտական կազմակերպություններին չփոխարինեցին ավելի ազատականացված և ազգայնացված կառույցներ։ Այդ ուղղությամբ արված մասնավոր ձեռնարկները չվերաճեցին զանգվածային շարժումների, իսկ պետության հովանավորությամբ ձևավորված երիտասարդական կառույցները վերջերս այլափոխվում են խրախճանքի խմբերի, ինչպիսիք, օրինակ, գունավոր բազեներն են։ Նույնիսկ ֆիզկուլտուրան ու սպորտը այսօր զանգվածային չեն։
Ուսանող երիտասարդությանը տղամրդուն հատուկ ռազմական պատրաստություն ստանալու ձգտումից և հնարավորությունից կտրելու վառ օրինակներից մեկը ԲՈՒՀ-երի ռազմական ամբիոնները վերացնելն էր։ Ձեր տարիքում մենք մեր մասնագիտական կրթությանը զուգահեռ շփվում էինք կադրային սպաների հետ, ծանոթանում էինք զենքի և զինամթերքի հետ, սովորում էինք ռազմական ռազմավարության և մարտավարության տեսությունը, ուսումնասիրում եւ տիրապետում էինք մեր քաղաքացիական մասնագիտությանն առնչվող բարդ ռազմական տեխնիկաին, սովորում էինք մեքենա վարել եւ վարորդական իրավունք էինք ստանում։ Դա մեզ համար հաճելի էր, իսկ բոլորի համար նաև օգտակար։ Վերջին հաշվով խորհրդային բանակը մեզ համար այնքան խորթ ու օտար չէր, որքան այսօր Հայաստանի ազգային բանակը ձեզ համար։ Խոսքս ոչ թե ամպագորգոռ կարգախոսների մասին է, այլ իրական գործընթացի, որը տարիների ընթացքում մեզ դարձնում էր բանակի մի մասը՝ պահեստի սպա բավականաչափ հոգեբանական եւ մասնագիտական պատրաստությամբ։ Մենք էլ էինք մրցակցում մեր ընկերների եւ ընկերուհիների հետ (ի դեպ ավելի մեղմ պայմաններում, քան այսօր) քաղաքացիական կյանքում մեր առավել պիտանելիությունը ապացուցելու համար։ Բայց ուսման անընդհատության իրավունք ստացածները արտոնյալներ չէին համարվում, իսկ որպես սպա զորակոչվածները՝ պատժվածներ։
Այդ մտքերը ինձ չեն լքել, երբ ես ՀՀ ԳԽ Անկախ պետականության հանձնաժողովի անդամ էի (1990-1995թթ.) և հետո, երբ արդեն երկրորդ պատգամավորական ժամկետն է, որ հատուկ ընդգրկվում եմ ՀՀ ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմում մասնավորապես այդ խնդիրները հետապնդելու համար։ Մանկուց հայորդիների եւ ազգային բանակի օրգանական կապը պետականորեն ապահովելուն ուղղված լուրջ ծրագրերի իրականացման առարկությունները նույնքան կեղծ ու զավեշտական են եղել, որքան «Զինապարտության» օրենքի նոր նախագծի հիմնավորումները։ Համոզված եմ, որ ոչ միայն տղաները, այլեւ աղջիկները հաճույքով և սիրով կմասնակցեն ռազմագիտության պարապմունքներին, եթե պետությունը բարեհաճի այդպիսիք կազմակերպել դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում։ Թող իրենց ճնշված չզգան մասնավոր ԲՈՒՀ-երի ուսանողները, օրենքով կարելի է ռազմական պատրաստության դասընթացները պարտադիր համարել՝ անկախ ԲՈՒՀ-ի սեփականության ձևից։
Հարեւանի նոր ռազմական ագրեսիայի սպառնալիքի հանդեպ կանգնած երկրի քաղաքացու համար ռազմական պատրաստություն ստանալը նույնպես իրավունք է, որի պաշտպանությունը ոտքի կանգնած ուսանող երիտասարդության խնդիրն է։
Իմ խորին համոզմամբ ԲՈՒՀ-երում ռազմական ամբիոնները վերականգնելու պահանջը ավելի անխոցելի կդարձնի «Հանուն գիտության զարգացման» ձեր նորածին շարժումը եւ իսկզբանե կազատի այն «զինապարտությունից խուսափողների» հնարավոր պիտակավորումից։
Գնահատում եմ ձեր ինքնուրույնության ձգտումն ու հարցի անհարկի քաղաքականացումից խուսափելը համարում եմ ձեր կողմից քաղաքական տարբեր շահարկումների գործիք չդառնալու հուսալի միջոց։
Այդ պատճառով խնդրում եմ խոսքս ընկալեք ոչ միայն որպես քաղաքական գործչի, այլև Հայաստանի քաղաքացու, երկու երիտասարդների հոր, ռազմա-արդյունաբերական համալիրում գիտահետազոտական աշխատանքի մեծ փորձ ունեցող, ազատամարտում ընկերներ կորցրած, հայկական ազգային բանակի ստեղծման գործում ներդրում ունեցող մարդու, պահեստի ավագ լեյտենանտի, հեռավոր ռադիոկապի պահեստի հրամանատարի և Հայաստանի ներկայով ապրող ու ապագայով մտահոգված մարդու համոզմունք։
Վստահե՛ք ձեր անկեղծությանը, մի ներքաշվեք պատեհապաշտության ճահիճները և հանձինս ձեզ լուսավոր ապագան կհաղթի գորշ ներկային։
Հրանտ Խաչատրյան
Երևան, 25 փետրվարի 2004թ.
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածներ, հարցազրույցներ,
վերլուծություններ,
այլ նյութեր ինտերնետում
Ինչպես կապվել
Name:
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Email:
HrantK@FreeNet.am