Արցախի վերամիավորման համար մղվող պայքարը թևակոխել է մի նոր փուլ, երբ Արցախը իր համառ պայքարի շնորհիվ ձեռք Է բերել փաստացի անկախություն և իրականացնելով սեփական իշխանությունը, տնտեսական և մշակութային կապեր հաստատելով ՀԽՍՀ-ի հետ՝ հասունացրել Է վերամիավորման հարցը մինչև ՀԽՍՀ-ի կողմից պետական-օրենսդրական որոշումներ ընդունելու մակարդակի։
Յուրաքանչյուրս մի նոր քայլ ձեռնարկելիս պետք Է ելնենք հենց այդ իրողության խորը գիտակցումից։
Ներկա իրադրությունը, որում մեզ վիճակված Է վճիռ կայացնել, խիստ հակասական Է այն իմաստով, որ միաժամանակ տեղի են ունենում մի կողմից միմյանց հետ միահյուսված, մյուս կողմից միմյանցից բավականաչափ անկախ երևույթներ, ինչպիսիք են համամարդկային արժեքների վերահաստատումը, ազգային զարթոնքը, ժողովրդավարության զարգացումը, քաղաքական, սոցիալ-տնտեսական վերափոխումները, միջազգային ուժերի վերադասավորումը, երկրի ընդհանուր վիճակի կայունության նվազումը։ Այս գործոններից որևէ մեկի, կամ մի խմբի բացարձակացումը և նրանց վճռորոշ դեր վերագրելը, բոլոր դեպքերում միակողմանի մոտեցում է հարցին և տեղիք է տալիս պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ իրարամերժ տարբերակների ծագմանը։
Հայ ժողովուրդը, որը ի վերջո ինքն է կրելու ընդունելիք վճիռների բոլոր հետևվանքները, հենց այդ պատճառով ունի միակ անկանխակալ և անկաշառ դատավորը լինելու իրավունքը և տարբեր համոզմունքներից իր պայքարի զինանոցը ընդունելու այն, ինչը որ առավելագույն արժեք է ներկայացնում։
Արցախյան շարժումը Արցախում և հանրապետությունում (ցավոք, մենք առայժմ բաժանում ենք այդ երկու հասկացողությունները) տարբեր բնույթ է կրել։ Եթե Արցախում այն ի սկզբանե ազգային ազատագրական պայքար էր, ապա մեզ մոտ սկսվեց որպես զանգվածային պոռթկում, որում Արցախը շատերիս համար հիմնականում արդարության և ճշմարտության խորհրդանիշ է։ Այդ են վկայում թե շարժման սոցիալական կազմը, թե վճռականության չափը և թե արտաքինից այն քան նման թվացող, բայց իրականում խիստ տարբեր պայքարի ձևերը։ Այս հանգամանքներում փոքրաթիվ, բայց հերոսական արցախահայությունը միասնաբար, հետևողականորեն գնում է դեպի իր նպատակը՝ ապավինելով իր ուժերին, միաժամանակ չմերժելով դրսից ստացվող ամենափոքր իսկ օգնությունը. Արցախահայության իմաստնությունը այն է, որ մղելով հիրավի սահմանադրական պայքար, պահանջներ ներկայացնելիս իր պետական որոշումները անվերապահորեն չի համաձայնեցնում ամենաբարձր մարմինների կողմից իսկ անկատար ճանաչված ԽՍՀՄ սահմանադրության հետ։ Իսկ այն հանգամանքը, որ Արցախի պահանջները չեն հակասում միջազգային իրավունքին, բխում է նրանից, որ ազատագրական պայքարը իր էությամբ արդարացի է, իսկ միջազգային իբավունքը ոչ այլ ինչ է, քան ճնշված ազգերի արյունով և քաղաքական պայքարով ձեռք բերված անձի և ազգային հավաքականության գոյատևելու իրավունք։
Հանրապետությունում Արցախի հարցով համազգային պոռթկումը բախվելով «նախկին ղեկավարության» անվճռականությանը, ավելի ուժեղացավ և կազմակերպված ձևեր ստացավ։ Սակայն շարժման այդպիսի սկիզբը և հետագա պայմանները թողեցին իրենց դրոշմը։ Այն արտահայտվեց շարժման պետական-օրենսդրական թույլ դրսևորման ձևով։ Այսպիսով, չստանալով սպասվող շուտափույթ արդյունքը և օրենսդրական որոշումներով պայքարը ամրապնդելու ճանապարհին հանդիպելով լուրջ խոչընդոտների (հիշենք 1988 թվականի նոյեմբերյան նստաշրջանը)՝ շարժումը Հայաստանում ձևավորվեց որպես Արցախի ինքնորոշման պահանջին սատարող շարժում։
Այսօրվա բարդ իրադրության մեջ անհրաժեշտ է տեսնել համայն հայության կողմից արցախյան միասնական պահանջատիրությունը ապահովող ելակետը։ Անկասկած, դա պատմական ճշմարտության վրա հիմնված հայկական ընդհանուր պահանջատիրության (Հայ դատի) դրույթների կիրառումն է ներկա իրողությանը համապատասխան։ Արցախյան հարցը բարձրացվել է արցախահայության կողմից և չստանալով արդարացի լուծում, ոչ հայության մեղքով վերաճել է միջազգային նշանակության հարցի։ Նրա լուծումը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին։ Դա ապահովելու և խթանելու համար որպես աոաջին քայլ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը հենվելով միջազգայնորեն ճանաչված ազգերի ազատ ինքնորոշման, ազգերի միավորման և զավթված տարածքների ազատագրման իրավունքների վրա, պետք է վերահաստատի 1920 և 1921 թվականների Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Հայաստանի կողմից Արցախը Հայաստանի անբաժան մաս լինելու մասին հայտարարությունները։ Այս համազգային քաղաքական խնդիրը հնարավոր է լուծել միայն միասնական ջանքերով։ Միասնաբար ներկայացնենք մեր պահանջը և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը լարելով իր ուժերը, հենվելով միջազգային իրավունքի վրա, կվերահաստատի Արցախը Հայաստանի անբաժան մաս, ինչպես այդ արվել է 1920 և 1921 թվականներին։
Միասնությունը կծնվի այն ժամանակ, երբ բոլորս ընդունենք, որ Արցախի վերամիավորման պայքարը ոչ թե բարեփոխական շարժման, այլ հայ ժողովրդի պայքարի մի մասն է և առաջին փուլը։
P. S.
Այս հոդվածի հրապարակումից երկու օր անց, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ հայտնի որոշումը
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ -Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ